Project Name Hy

Նախագծի Մասին

Project Details Hy
Էլ․ փոստ WhatsApp

Պատմություններ

Ուզու՞մ եք Մասնակցել։

Կապվեք մեզ հետ

Դոկտոր Հրակ Եագուպեան

Դոկտոր Հրակ Եագուպեան

Հետազոտող

Դոկտոր Հրակ Եագուպեանը Կանադայի Նյուֆաունդլենդի Մեմորիալ (Memorial) համալսարանի ասիստենտ-պրոֆեսոր է։ Նրա գիտական գործունեությունը համադրում է առողջապահության, պատմության և սոցիալական արդարության ոլորտները։ Մագիստրոսական և դոկտորական աստիճանները ստացել է Կանադայի Բրիտանական Կոլումբիայի համալսարանում՝ մասնագիտանալով պատերազմի և հարկադիր տեղահանության համատեքստում առողջապահության, պատմության և մարդասիրության հարցերում։

Նրա հետազոտական ծրագիրը կենտրոնանում է առողջապահական փորձառությունների ուսումնասիրության վրա՝ տարբեր ճգնաժամային, հաշտեցման և հարկադիր միգրացիայի պայմաններում։ Ներկայումս իրականացվող նախագծերը ներառում են Արցախից Հայաստան տեղահանված կին բուժաշխատողների և բուժառուների բանավոր պատմությունների հավաքագրումը։ Բացի այդ, նա ուսումնասիրում է Կանադայի բնիկ ուսանողների տեսակետները՝ կապված առողջապահական կրթության ոլորտում հաշտեցման գործընթացի և «Ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովի» գործողությունների հետ։ Այս բոլոր նախաձեռնություններում դոկտոր Յակուբյանը կարևորում է տրավմայի վերաբերյալ գիտակցված մոտեցումները, բարոյական ներգրավվածությունը և խոցելի խմբերի ձայների պահպանությունը։

Դոկտոր Եագուպեանը նաև ակտիվորեն ներգրավված է գիտական և մասնագիտական համայնքներում։ Նա Ցեղասպանագիտության միջազգային ցանցի անդամ է և ծառայում է Ցեղասպանագիտության միջազգային ասոցիացիայի ռեզոլյուցիաների հանձնաժողովում։ Մեմորիալ համալսարանում նա Սենատի անդամ է և ընդգրկված է մի շարք ֆակուլտետային և համալսարանական հանձնաժողովներում`ընդհուպ  գլոբալ առողջության, հավասարության, բազմազանության, ներառականության և հակառասիզմի հարցերով զբաղվող հանձնաժողովներ։ Այս բոլոր հանձնառությունները վկայում են նրա նվիրվածության մասին՝ խթանելու համագործակցային գիտությունը, զարգացնելու առողջապահական արդարությունը և ամրապնդելու կապերը ակադեմիական հետազոտության ու համայնքային առաջնահերթությունների միջև։

Լիդա Ասիլյան

Լիդա Ասիլյան

Հետազոտական ​​օգնական

Լիդա Ասիլյանը կրթական քաղաքականության ձևավորման նոր սերնդի փորձագետ է Հայաստանից, և վերջերս ավարտել է Հարվարդի համալսարանի Կրթության բարձրագույն դպրոցը (Կրթական քաղաքականություն և վերլուծություն մագիստրոսական ծրագիր՝ համաշխարհային, միջազգային և համեմատական կրթության ուղղվածությամբ)։ Հարվարդում նա խորհրդատվություն է տրամադրել Ֆինլանդիայի կրթության ազգային գործակալությանը՝ հակաբուլինգի քաղաքականության հարցերով, ինչպես նաև մասնակցել է ներառական կրթության, հավասարության և  սոցիալ-հուզական ուսուցման ուղղված նախագծերին։ Նա համագործակցել է նաև Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (MIT)-ի Martin Trust ձեռնարկատիրության կենտրոնի և MIT Media Lab-ի գործընկերների հետ՝ ուսումնասիրելով արհեստական բանականության կիրառությունները կրթության ոլորտում և ամրապնդելով իր հետաքրքրությունը տեխնոլոգիայի, քաղաքականության և կրթության խաչմերուկում։

Լիդան անգլերենի և հաղորդակցության բակալավրի աստիճանը ստացել է Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Նախկինում աշխատել է որպես խորհրդատու EducationUSA Armenia-ում, համակարգել շրջանավարտների ծրագրեր Ամերիկյան կրթության միջազգային խորհուրդների հայաստանյան գրասենյակի (American Councils for International Education) շրջանակում և ներգրավված է եղել բանավոր պատմության ու մարդու իրավունքների փաստագրման նախաձեռնություններում՝ «Rerooted Archive» և «Center for Truth and Justice» կազմակերպությունների հետ։ Մասնագիտական գործունեությունից բացի, նա խորապես հետաքրքրված է լրագրությամբ և պատմասացությամբ, ինչպես նաև զբաղվում է գրական ստեղծագործությամբ և  բացահայտում Հայաստանի լեռնային բնաշխարհը։

Էլլա Բանֆիլդ

Էլլա Բանֆիլդ

Հետազոտական ​​օգնական

Էլլա Բանֆիլդը սովորում է Նյուֆաունդլենդի Մեմորիալ համալսարանում՝ պատմության խորացված ծրագրով և ֆրանսերենի մասնագիտացմամբ։ Նրա հետաքրքրությունների կենտրոնում է 20-րդ դարի Բրիտանական կայսրությունում կանանց դերակատարությունը՝ տարբեր երկրներում նրանց նկատմամբ վերաբերմունքը, ընտրական իրավունքի համար մղած պայքարը և Առաջին համաշխարհային պատերազմում ունեցած ներդրումը։ Նա նաև համալսարանի «Պատմության ուսանողական ընկերակցության» գործադիր անդամ է՝ խթանելով ուսանողների ակտիվ մասնակցությունն ու աջակցելով համակուրսեցիներին։ Ուսման կողքին Էլլան աշխատել է «Ծովակալության տուն» հաղորդակցությունների թանգարանում որպես օգնական։ Ապագայում ցանկանում է պատմություն դասավանդել ֆրանսախոս դպրոցում։

Խանում Գևորգյան

Խանում Գևորգյան

Հետազոտական ​​օգնական

Խանում Գևորգյանը ծրագրերի կառավարիչ, քաղաքականությունների փորձագետ և հետազոտող է՝ մասնագիտացված կրթության, մարդու իարվուքնների, գենդերային հավասարության, և ժողովրդավարական կայունության ոլորտներում՝ և՛ Հայաստանում, և՛ տարածաշրջանում։ Խանումն այժմ “Հանուն հավասար իրավունքներ” կրթական կենտրոն ՀԿ-ի Ծրագրերի ղեկավարն է, որտեղ նա ղեկավարում է բազմաբաղադրիչ նախաձեռնություններ, կառավարում է ծրագրերի բյուջեներ, մշակում մոնիթորինգի և գնահատման գործիքներ, ինչպես նաև կառուցում և զարգացնում է դրամատուների և գործընկերների հետ հարաբերությունները։ Զուգահեռաբար Խանումն աշխատում է Արցախից տեղահանված «Տուն-Տեղ» ԲՀԿ-ում որպես Զարգացման կառավարիչ՝ համակարգելով ջատագովության աշխատանքները, կառուցելով հարաբերություններ, ռեսուրսներ և տրամադրելով մարդասիրական աջակցություն կազմակերպության խոցելի շահառուների խմբերին։

Ունենալով կրթական քաղաքականությունների ամուր հիմք, Խանումն աշխատել է որպես Կրթական քաղաքականություններ վերլուծաբան «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայում» և որպես Կրթական և շրջանավարտների ծրագրի մասնագետ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամում, որպես նա մշակում կազմակերպության Շրջանավարտների ռազմավարությունը։

Խանումը Ֆինլանդիայի Տամպերեյի համալսարանի «Առաջնորդություն հանուն փոփոխության․ գլոբալ և եվրոպական քաղաքականություն» բաժնի մագիստրոս է և Հայաստանի ամերիկյան համալսարանի Անգլերեն և հաղորդակցություն բաժնի բակալավր։  Խանումի ակադեմիական և մասնագիտական հետաքրքրությունները նաև հայելվում են իր հետազոտությունների և տպագրությունների մեջ, որոնք ծածկում են կրթության մեջ գենդերային հարաբերությունների, թշնամի պատկերների և միջազգային հարաբերությունների, ռազմականացման և ինքնության կառուցման թեմաները։

Սանազ Լաբբաֆ

Սանազ Լաբբաֆ

Հետազոտական ​​օգնական

Սանազ Լաբբաֆը Նյուֆաունդլենդի Մեմորիալ համալսարանի «Հասարակագիտություն» բաժնի երրորդ տարվա ասպիրանտ է։ Նրա գիտական և մասնագիտական գործունեության առանցքում են որակական մեթոդաբանությունն ու համայնքային ծրագրերը՝ ընդգրկելով փորձառություն Կանադայում և Արևմտյան Ասիայում։ Նա աշխատել է բնակարանային քաղաքականության, քաղաքային կառավարման և կայունության ամրապնդման հետ կապված նախաձեռնությունների վրա՝ մշտապես կարևորելով խոցելի խմբերի ձայների բարձրաձայնումն ու հետազոտական արդյունքների հասանելիությունը լայն հանրությանը: Սանազը ունի փորձառություն գիտական գրության, հետազոտությունների կազմակերպման և գիտելիքի կիրառման ոլորտներում՝ հավատարիմ մնալով մշակութային զգայունությանն ու հոգատարությանը, հատկապես տրավմայի և տեղահանության պատմությունների հետ աշխատելիս։

Տաթևիկ Գալստյան

Տաթևիկ Գալստյան

Հետազոտական ​​օգնական

Տաթևիկ Գալստյանն ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան «Անգլերեն և հաղորդակցություն» մասնագիտացմամբ, ինչպես նաև Եվրոպական իրավունքի դպրոցը՝ ստանալով բակալավրի աստիճան «ԵՄ իրավունք» մասնագիտացմամբ։ Ներկայումս նա դասախոսի ընթերակա է Հայաստանի ամերիկյան համալսարանում, որտեղ մենթորություն է իրականացնում սոցիալական շարժումների, կրթության, բանավոր պատմության և գենդերային ուսումնասիրությունների հետ կապված դասընթացների շրջանակներում։ Տաթևիկը ակտիվորեն ներգրավված է Oral History Matters նախաձեռնությունում՝ որպես համակարգող։ Նույն նախաձեռնության շրջանակում նա մասնակցում է նաև արխիվացման և վավերագրման խմբերի աշխատանքներին, ինչպես նաև՝ բանավոր պատմության մի շարք նախագծերի իրականացմանը։ Աշխատել է նաև որպես տեղեկատու գրադարանավար Հայաստանի ամերիկյան համալսարանի ՀԲԸՄ Փափազյան գրադարանում՝ աջակցելով հետազոտական աշխատանքներին և համայնքային ներգրավվածությանը։

Սամվել Խաչատրյան

Սամվել Խաչատրյան

Հետազոտական ​​Օգնական և Տառադարձող

Սամվել Խաչատրյանը թարգմանիչ է, արձակագիր ու քաղաքագետ։ Նա սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետում, որտեղ ստացել է քաղաքական գիտության և միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում։ Նրա մագիստրոսական թեզը՝ «Պոպուլիզմի և ժողովրդավարության հատման կետերի ուսումնասիրությունը», ուսումնասիրում է Հայաստանում ժողովրդավարության և պոպուլիզմի հնարավոր փոխհարաբերությունները։

2021-2025 թվականներին Սամվելը աշխատել է «Եվրասիա համագործակցություն հիմնադրամում» (ԵՀՀ)՝ Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության առաջատար կազմակերպություններից մեկում։ ԵՀՀ-ում Սամբելն ընդգրկված է եղել հաղորդակցությունների բաժնում։ Իր գործունեությամբ նպաստել է քաղաքացիական ներգրավվածությունը, հանրային երկխոսությունը և քննադատական մտածողությունը խթանող նախագծերին։ Նա պատասխանատու է եղել ԵՀՀ հրատարակությունների խմբագրման և վերանայման համար․սրանք հասանելի են ինչպես առցանց, այնպես էլ տպագիր տարբերակով։ Այս հրատարակություններն առնչվում են քննադատական մտածողության, բռնության, իշխանության, քրեական ենթամշակույթի և այլ խնդիրներին։

Մասնագիտական գործունեությանը զուգահեռ՝ Սամվելը զբաղվել է թարգմանությամբ և գրական ստեղծագործություններով՝ կենտրոնանալով տրավմայի, հիշողության և այլ թեմաների վրա։ Նրա հետաքրքրությունները ներառում են պոպուլիզմի ուսումնասիրությունը, համատեղ հիշողության թեմաները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում և տարածաշրջանում։

Արմենուհի Նիկողոսյան

Արմենուհի Նիկողոսյան

Հետազոտական ​​օգնական

Արմենուհի Նիկողոսյանը համակարգում է Հրանտ Դինք հիմնադրամի ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների միջև երկխոսության ձևավորմանը, ինչպես նաև  երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղիների հաստատմանը։  

2011 թ․ նա մասնակցել է տարբեր երկխոսության ծրագրերի և հակամարտությունների հաղթահարմանն ուղղված նախաձեռնությունների։ Արմենուհին ներգրավված է նաև հիշողության ուսումնասիրությունների ոլորտի տարբեր հետազոտական նախագծերի մեջ։ Նա հետազոտական աշխատանքներ է իրականացնում Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Բանավոր պատմության կենտրոնի շրջանակում։ Նրա հետազոտական հետաքրքրություններն առնչվում են հայերի և թուրքերի միջև շփումներին, ցեղասպանության ու հիշողության վերաբերյալ ուսումնասիրություններին։

Արմենուհին ներդրում ունի նաև «Բանալիք․ հիշողության քննախույզ ուսումնասիրությունների հայկական նախաձեռնության» աշխատանքների մեջ։ «Բանալիք»-ի թիմը մշակել է «Սեբաստիայից Սեբաստիա. ցեղասպանության հիշողության հետքերով» հիշողության շրջայցը, որը բացահայտում է Հայոց ցեղասպանության հիշատակման պրակտիկաները խորհրդային և հետխորհրդային ժամանակաշրջաններում։ Շրջայցը հիմնված է ցեղասպանությունը վերապրած սեբաստացիների սերունդների հետ անցկացված բանավոր պատմության հարցազրույցների վրա և անցկացվում է Երևանի Սեբաստիա թաղամասում։