Միջոցառումներ

Դոկտոր Հրակ Եագուպեանը (JustHealLab) մասնակցել է ՑՈՒՄԱ (IAGS) հերթական կոնֆերանսին

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ին JustHealLab հետազոտական խմբի հիմնադիր-ղեկավար դոկտոր Հրակ Եագուպեանը մասնակցեց Հարավային Աֆրիկայի Յոհաննեսբուրգի Հոլոքոստի և ցեղասպանության կենտրոնում տեղի ունեցած Ցեղասպանությունն ուսումնասիրողների միջազգային ասոցիացիայի (International Association of Genocide Scholars) տարեկան կոնֆերանսին։ ««Այլևս երբեքի» մարտահրավերը. ներգրավվելով ցեղասպանությունից պաշտպանության ու կանխարգելման աշխատանքներին» խորագրով կոնֆերանսը նպատակ ուներ քննադատորեն մոտենալ ցեղասպանության կանխարգելման գործում գրանցած զարգացումներին, մարտահրավերներին ու արդի հնարավորություններին։ Համաժողովը մի հարկի տակ էր հավաքել գիտնականների, թեմայով զբաղվող մասնագետների և արվեստագետների․ մի քանի օրերի ընթացքում նրանց ուշադրության կենտրոնում ցեղասպանության, ջարդերի ու մարդկության դեմ հանցագործությունների իրավական, սոցիալական և մշակութագիտական կողմերն էին։ 


Համաժողովի ընթացքում դոկտոր Եագուպեանը ներկայացրեց իր ընթացիկ երկու հետազոտական աշխատանքները։ Առաջինը վերաբերում էր «Լեռնային Ղարաբաղի/Արցախի շրջափակման պայմաններում բռնի տեղահանման ենթարկված առողջապահության ոլորտի աշխատողների և բուժառուների գոյատևման մասին բանավոր պատմությունները» թեմային։

Այս հետազոտության շրջանակում նա և իր հայ-կանադական թիմը ուսումնասիրում են կին բուժաշխատողների և բուժառուների փորձառություններն Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի դեմ սանձազերծված պատերազմների և 2022թ. դեկտեմբերիից սկսված Լեռնային Ղարաբաղի/Արցախի շրջափակման, և ավելի ուշ՝ դեպի Հայաստան նրանց բռնի տեղահանման ժամանակ։ Բանավոր պատմությունների մեթոդով իրականացվող այս հետազոտությունը նապատակ ունի պարզել, թե ինչպես են կանայք արտակարգ իրավիճակում բուժօգնություն տրամադրելուն զուգահեռ հաղթահարել կենսական ռեսուրսների՝ սննդի, դեղորայքի և բժշկական պարագաների կտրուկ պակասը։

Այս հետազոտությունը նաև ուսումնասիրում է, թե ինչպես են նրանք արձագանքել փլուզվող առողջապահական համակարգին և էթիկական ինչ երկընտրանքների առաջ են կանգնել՝ սեփական անձը վտանգի տակ դնելով ուրիշների խնամքը առաջնահերթ դարձնելու տեսանկյունից։ Ավելին, բուժառուների պատմությունները կարևոր պատկերացում են տալիս նրանց փորձի մասին՝ նպաստելով ճգնաժամերի ժամանակ մարդկային կյանքի արժեքի համակողմանի ընկալմանը։

Դոկտոր Եագուպեանի մյուս ելույթը վերաբերվում էր առողջապահական ոլորտի ուսանողների՝ Կանադայում բնիկ ժողովուրդների ցեղասպանության և Ճշմարտության ու Հաշտեցման Հանձնաժողովի (Truth and Reconciliation Commission (TRC))՝ գործողության կոչերի նկատմամբ վերաբերմունքի թեմաներին։ Հետազոտական այս աշխատանքը ուսումնասիրում է առողջապահական ոլորտի, ներառյալ՝ բուժակության, սոցիալական աշխատանքի և դեղագործության ուսանողների վերաբերմունքները, պատկերացումները և գիտելիքները Կանադայում բնիկ ժողովուրդների ցեղասպանության, ինչպես նաև Ճշմարտության և Հաշտեցման Հանձնաժողովի (Truth and Reconciliation Commission (TRC)) գործողության կոչերի վերաբերյալ։

Հետազոտությունը նպատակ ունի բացահայտել, թե ինչպես են ապագա մասնագետները գնահատում գաղութատիրական ժառանգությունը և ինչպես են արձագանքում Հանձնաժողովի՝ հատկապես առողջապահությանն ու կրթությանը վերաբերող խորհուրդներին։

Հետազոտության ներկա փուլը կենտրոնանում է Կանադայի Նյուֆաունդլենդ և Լաբրադոր նահանգի քույրական բաժնի ուսանողների վրա․ սա կարևոր քայլ է՝ հասկանալու, թե ապագա մասնագետներն ինչ չափով են պատրաստ արձագանքել բնիկ ժողովուրդների առողջապահական յուրահատուկ կարիքներին և նպաստել հաշտեցման գործընթացին։

Բացահայտելով գիտելիքի պակասն ու մշակութային գիտակցմանը խոչընդոտող գործոնները՝ հետազոտությունը միտված է կրթական ռազմավարությունների մշակմանը, որոնք կխթանեն քննադատական իրազեկվածությունն ու կօգնեն ապահովել առողջապահական ծառայությունների մատուցման մեջ հավասարության սկզբունքը։

Ընդհանուր առմամբ, համաժողովը կարևոր հարթակ դարձավ գիտելիքի և փորձի փոխանակման, ինչպես նաև համագործակցության հնարավոր ուղիների հարթման համար։ Դոկտոր Եագուպեանի ելույթները շոշափեցին ինչպես ցեղասպանության գլոբալ կանխարգելման, այնպես էլ տուժած համայնքներին աջակցելու գործում առողջապահության դերի վերաբերյալ քննարկումների խորացման թեմաները՝ միաժամանակ ընդգծելով հետազոտության վրա հիմնված մոտեցումների կարևորությունը առկա և նոր առաջացող խնդիրներին արդյունավետորեն արձագանքելու համար։

asdf
Share: