Հաճախակի տրվող հարցեր (ՀՏՀ)

Հաճախակի տրվող հարցեր (ՀՏՀ)

Նախագիծը կոչվում է «Նրա պատմությունները, մեր ապագան․ կանանց առողջությունը և տեղահանությունը Լեռնային Ղարաբաղից (Արցախից) դեպի Հայաստան»։ Այն փաստագրում և հավաքագրում է 2020-2025 թվականների ընթացքում Արցախից Հայաստան տեղահանված կանանց՝ առողջապահության ոլորտի աշխատողների և բուժառուների բանավոր պատմությունները։  Ուսումնասիրությունը բանավոր պատմությունների միջոցով բացահայտում է, թե ինչպես են պատերազմն ու տեղահանությունը ազդել կանանց ֆիզիկական և հոգեկան առողջության, խնամքի և հոգատարության և դիմակայության կարողությունների վրա։

Նախագիծը կտևի 18 ամիս՝ 2025 թվականի հունիսի 1-ից մինչև 2026 թվականի նոյեմբերի 30-ը։ Այն կանցկացվի մի քանի փուլոով՝ նախապատրաստական աշխատանքներ, էթիկական հաստատում, հարցազրույցների անցկացում, վերլուծություն, զեկույցի ձևավորում, հանրային ներգրավվածություն և արխիվացում, որը ենթադրում է և՛ տեղական, և՛ միջազգային մակարդակներում գործողություններ։

Նախագիծը ղեկավարում է Կանադայի Նյուֆաունդլենդի Մեմորիալ (Memorial University of Newfoundland) համալսարանի դասախոս, դոկտոր Հրակ Եագուպեանը։ Նա սերտորեն համագործակցելու է հետազոտական պատրաստված օգնականների թիմի հետ Հայաստանից և Կանադայից։

Նախագծի նպատակներն են՝

  • Գրանցել և պահպանել Արցախից տեղահանված առողջապահության ոլորտի կին աշխատողների և բուժառուների բանավոր պատմությունները։
  • Լրացնել Հայաստանում տեղահանված կանանց առողջության մասին հետազոտությունների պակասը։
  • Գիտնականների և ուսանողների մոտ զարգացնել տրավմայի նկատմամբ զգայուն հետազոտական կարողությունները։
  • Նպաստել ներառականության և ապացույցների վրա հիմնված առողջապահական ու սոցիալական քաղաքականությունների մշակմանը։
  • Վստահ լինել, որ արցախցի կանանց փորձառությունները ճանաչվեն որպես Հայաստանի պատմական և հասարակական հիշողության մաս։

Նախագծի թիրախային լսարանն է՝

  • Արցախից տեղահանված այն կանայք, որոնք ցանկանում կիսվել իրենց պատմություններով։
  • Հետազոտողներ, դասախոսներ և ուսանողներ Հայաստանից և սփյուռքերից։
  • Առողջապահության ոլորտի մասնագետներ և քաղաքականություն մշակողներ, որոնք աշխատում են տրավմայի, տեղահանության և պատերազմից հետո վերականգնման թեմաների շուրջ։
  • Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և համայնքային խմբեր, որոնք աջակցում են կանանց առողջությանը և փախստականների ինտեգրմանը։
  • Ավելի լայն տարածում ունենալու համար հետազոտական բոլոր արդյունքները հասանելի են լինելու արևելահայերեն, արևմտահայերեն և անգլերեն լեզուներով։

Հետազոտությունը կիրառում է տրավմայի նկատմամբ զգայուն բանավոր պատմության մեթոդը։ Հետազոտողները կիրականացնեն հարգալից, անհատական հարցազրույցներ (60–90 րոպե տևողությամբ, հայալեզու), որոնք հետո կսղագրվեն, և առանձին թեմաներն առանձնացնելուց հետո կթարգմանեն։ Այս մեթոդը արժևորում է կարեկցանքը, մասնակիցների անվտանգությունը և մշակութային զգայունությունը։ Միևնույն ժամանակ ամեն ինչ արվելու է, որ անձնական պատմությունները դառնան թե՛ պատմական վկայություն, թե՛ հասարակական փոփոխության համար արժեքավոր հիմք։

Հետազոտական թիմն անցկացնելու է 20 խորքային հարցազրույց Արցախից տեղահանված, առողջապահության ոլորտի կին աշխատողների և բուժառուների հետ։ Հետազոտության արդյունքներով նախատեսվում է ստեղծել՝

  • Ծանոթագրված հետազոտական մեկ զեկույց (մոտ 50 էջ),
  • Երկուսից երեք գիտական հոդված,
  • Հանրության լայն շերտերին հասցեագրված նյութեր ու բանավոր պատմության թվային առցանց արխիվ՝ հասանելի գործընկեր հասատատություններում։

Նախագիծը հասցեագրում է հետպատերազմական Հայաստանի երեք՝ իրար փոխկապակցված խնդիրներ՝

  1. Լռեցում և ջնջում։ Տեղահանված կանանց հավաքական ձայնն ու մասնագիտական փորձառությունները հիմնականում բացակայում են հանրային և ակադեմիական նարատիվներից։ Նախագիծը նպատակ ունի պահպանել և ճանաչելի դարձնել նրանց վկայությունները։
  2. Կանանց առողջության մասին հետազոտությունների պակաս։ Առկա ուսումնասիրություններում հաճախ բացակայում է այն թեման, թե ինչպես են պատերազմն ու տեղահանությունը հատուկ ձևով ազդում կանանց առողջության, հոգեբանական վիճակի և խնամքի վիճակի վրա։
  3. Հետազոտական տեղական կարողությունների և հասանելի նյութերի սահմանափակություն։ Հաճախ գիտական տվյալներն ու նյութերը անհասանելի են հայ ընթերցողին։ Նախագիծը ստեղծում է բազմալեզու, ազատ հասանելի ռեսուրսներ և պատրաստում հետազոտողներ աշխատանքը շարունակելու համար։

Նախագծի շրջանակում նախատեսվում է Հայաստանում անկացնել  երկու հանրային ֆորում կամ համայնքային միջոցառում, մեկ հետհետազոտական աշխատարան՝ հայ ուսանողների և հետազոտողների համար, ինչպես նաև երկու գիտաժողովային ներկայացում՝ արդյունքները միջազգային հարթակներում ներկայացնելու նպատակով։ Այս միջոցառումները կնպաստեն տեղահանված կանանց, հետազոտողների, քաղաքականություն մշակողների և հասարակության միջև երկխոսության ձևավորմանը և խորացմանը։

Եթե դուք 2020-2023 թվականների ընթացքում Լեռնային Ղարաբաղից (Արցախից) Հայաստան բռնի տեղահանված կին եք և ունեք առողջապահական ոլորտում աշխատանքի փորձ կամ եղել եք բուժառու, ապա կարող եք դիմել՝ մասնակցելու նախագծին։ Մասնակցության մանրամասն հրավերն ու համաձայնություն տալու գործընթացը հասանելի են մեր կայքում։ 

Ձեր մասնակցությամբ դուք կնպաստեք կանանց փորձառությունների՝ որպես Հայաստանի պատմական և հասարակական հիշողության կարևոր մասի պահպանմանը։ Ձեր պատմությունը կօգնի ձևավորել առողջապահական քաղաքականություն, կրթական ծրագրեր և հասարակական պատկերացումներ տեղահանության ու վերականգնման մասին։ Իրենց ժամանակի և ներդրման համար մասնակիցները կստանան խորհրդանշական հոնորար։

Նախագիծը խստորեն հետևում է էթիկական նորմերին և տվյալների պաշտպանության կանոններին, որոնք հաստատված են Մեմորիալ (Memorial) համալսարանի էթիկայի խորհրդի կողմից։ Բոլոր հարցազրույցները անցկացվելու են գաղտնիության պայմաններում և պահվելու են անվտանգ միջավայրում։ Մասնակիցները կարող են նախընտրել մնալ անանուն կամ օգտագործել կեղծանուն։ Տեսաձայնային նյութերը, սղագրություններն ու ինքնությունը բացահայտող ցանկացած տվյալ պահեստավորվելու են սերվերներում և հանրայնորեն օգտագործվելու են ԲԱՑԱՌԱՊԵՍ գրավոր և բացահայտ համաձայնության դեպքում։ Նախագծի յուրաքանչյուր փուլ անցնելու է հարգանքի, ապահովության և մասնակիցների բարեկեցությունը կարևորելու առաջնահերթությունը նկատի ունենալով։